Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

18:23 • 16.01.20

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում:

Tert.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: